Երեկ պաշտոնապես հրաժարական տվեց փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը:
Ոմանք արդեն փորձել են նրա հրաժարականը կապել Սուրիկ Խաչատրյանի վերանշանակման հետ՝ տպավորություն ստեղծելով, թե հեռացող «հրեշտակը» չի կարողացել տանել այդ վերանշանակումը:
Բացարձակ աբսուրդ է, որովհետև ինտելեկտուալ, սակայն ապարատային խաղերի մեծ վարպետ նախկին փոխվարչապետը երբեք էլ չի փայլել դեմոկրատիայի սկզբունքներին իր նվիրումով. նա հրաժարական չէր տալիս, երբ Ռոբերտ Քոչարյանի «աջ թևն» էր ու «Ապրիլի 12» կամ «Մարտի 1» էր լինում, կամ բարև տալու համար «Առագաստում» դաժանորեն մարդ էր սպանվում, կամ էլ նույն այն պատճառով, որ իր շեֆի օրոք նույն Սուրիկ Խաչատրյանը մարզպետ էր նշանակվում:
Գևորգյանի պաշտոնավարման լիմիտն է վերջացել, որովհետև «կկուն» կանչել է, ու ավարտված է նաև Քոչարյանի ու Սարգսյանի պայմանավորվածությունների ժամկետը:
Ոմանց թերևս ձեռնտու է Արմենչիկից հերոս սարքելը, որովհետև համոզվեցին, որ «Մարտի 1»-ի «շկոլայով» անցած նախկին մի նախարար լավ էլ կարողանում է «համերգ տալ» հանրահավաքային հարթակներում:
Ինչո՞ւ նույնը չանի Գևորգյանը, մանավանդ որ Օսկանյանին ոչ արտաքինով է զիջում, ոչ էլ խելքով:
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ